Մեծահասակների հոգեթերապիա

Անհատական հոգեթերապիան հոգեբանական աջակցության ձև է, որի ընթացքում աշխատանքը իրականացվում է մեկ այցելուի և հոգեթերապևտի միջև՝ առանձնացված և ապահով միջավայրում։ Այն առողջապահական կամ հարառողջապահական ծառայություն է, քանի որ ուղղված է անձի հոգեկան առողջության պահպանմանը, վերականգնմանը և զարգացմանը։

Անհատական հոգեթերապիայի ընթացքում ուսումնասիրվում են այցելուի ներաշխարհը, հուզական արձագանքները, մտածողության առանձնահատկությունները, վարքային մոդելները և կենսափորձը։ Աշխատանքի նպատակն է բացահայտել և վերանայել այն ներքին հակասությունները, վախերը, բարդույթները, սահմանափակող համոզմունքները կամ չմշակված փորձառությունները, որոնք խոչընդոտում են անձի լիարժեք կենսագործունեությանը։ Միաժամանակ ձևավորվում և զարգանում են ավելի ադապտիվ հմտություններ, ինքնակարգավորման կարողություններ և ճկուն մոտեցումներ։

Անհատական աշխատանքում առանձնահատուկ նշանակություն ունի այցելուի և հոգեթերապևտի հարաբերությունը։ Այն հիմնված է վստահության, հարգանքի, անկեղծության և համագործակցության վրա։ Հոգեբանն ու այցելուն գործընկերներ են նույն գործընթացում, որտեղ երկուսն էլ ներգրավված են ուսումնասիրության և փոփոխության աշխատանքում։ Որքան բաց և մանրամասն է այցելուի ինքնաարտահայտումը, այնքան առավել արդյունավետ կարող է լինել գործընթացը։

Հոգեթերապիայի ընթացքում հնարավոր է, որ այցելուն առնչվի իր խորքային ապրումներին, ցավոտ հիշողություններին կամ մանկության փորձառություններին։ Սա կարող է առաջացնել ժամանակավոր հուզական լարվածություն կամ սուբյեկտիվ վատթարացման զգացում, որը բնական փուլ է և չի հանդիսանում վիճակի օբյեկտիվ վատացում։ Մասնագետի ուղեկցությամբ այդ ապրումները վերամշակվում են և աստիճանաբար ինտեգրվում անձի փորձառության մեջ։

Անհատական հոգեթերապիան ներառում է նաև հոգեկրթական բաղադրիչ․ այցելուն ստանում է գիտելիքներ իր հոգեկան գործընթացների մասին, սովորում է հոգեհիգիենայի սկզբունքներ, ինչպես նաև զարգացնում է ինքնադիտարկման և ինքնակարգավորման հմտություններ։ Անհրաժեշտության դեպքում իրականացվում է նաև հոգեկանխարգելիչ աշխատանք՝ նպատակ ունենալով կանխել առկա դժվարությունների խորացումը։

Հոգեթերապիայի տևողությունն ու հաճախականությունը պայմանավորված են այցելուի հայցով, խնդիրների խորությամբ և աշխատանքի ընթացքով։ Որոշ փոփոխություններ կարող են նկատվել մի քանի հանդիպումից հետո, սակայն կայուն և խորքային արդյունքների համար ժամանակ է պահանջվում։ Աշխատանքի ավարտը նախապես քննարկվում և համաձայնեցվում է, իսկ ավարտական հանդիպումը հնարավորություն է տալիս ամփոփել ձեռքբերումներն ու արձանագրել առաջընթացը։

Անհատական հոգեթերապիան անձի ինքնաճանաչման, ներքին աճի և հոգեկան կայունության ձևավորման գործընթաց է, որտեղ ապահովվում են մասնագիտական էթիկայի, գաղտնիության և տեղեկացված լինելու իրավունքի բոլոր սկզբունքները։

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.